«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Թագավոր հայոց» տիտղոսի կրողները ժամանակակից աշխարհում

«Թագավոր հայոց» տիտղոսի կրողները ժամանակակից աշխարհում
02.06.2024 | 18:59

Ժամանակակից աշխարհում գոյություն ունեն միանգամից երկու արքայատոհմեր, որոնք կարող են հավակնել «թագավոր Հայոց» տիտղոսին: Խոսքը վերաբերում է իշխանությունից զրկված ՍԱՎՈՅԱՆ և ԲԱԳՐԱՏԻՈՆԻՆԵՐԻ արքայատոհմերին:

1368 թ-ին Կիպրոսի թագավորության արքա Պետրոս I-ը (1358-1369) իրեն հռչակեց նաև «թագավոր Հայոց» և այս տիտղոսի նկատմամբ իր իրավունքները հիմնավորում էր այն հանգամանքով, որ իրեն նախորդած իր պապի պապ, Կիպրոսի թագավորության արքա Հենրիխ I-ը (1218-1253) ամուսնացած էր Հեթում I-ի (1225-1269) քույր Ստեփանիայի հետ, իսկ իր պապի եղբայր, Կիպրոսի թագավորության արքա Ամորի II-ն (1306-1310) էլ ամուսնացած էր Լևոն II-ի (1269-1289) դուստր Զաբելի հետ:

Որպես հետևանք, Կիպրոսի թագավորության արքաները, ի դեմս ամենից առաջ Պետրոս I-ի քաղաքական ժառանգորդը հանդիսացող Հովհաննես II-ի (1398-1432), «թագավոր Հայոց» տիտղոսը, ի վերջո, փոխանցեցին ներկայիս Ֆրանսիայի հարավ-արևելքում և ներկայիս Իտալիայի հյուսիս-արևմուտքում նույն այս ժամանակ տարածվող ՍԱՎՈՅԱՅԻ դքսության տիրակալներին:

Արդյունքում՝ Սավոյան իշխանատոհմի այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը 1720 թվականին անցավ նույն իշխանատոհմի հիմնադրած Սարդինիայի թագավորությանը, որը 1861 թվականին վերափոխվեց Իտալական թագավորության:

1946 թվականին, սակայն, երբ Իտալական թագավորությունը վերացավ և այն փոխարինվեց Իտալական Հանրապետությամբ, իշխանությունից զրկված Սավոյան արքայատոհմը այլ տիտղոսների շարքում իր տիտղոսաշարքում այնուհանդերձ պահպանեց ու հիմա էլ պահպանում է «թագավոր Հայոց» տիտղոսը ընդհուպ մինչև այս տողերը գրելու պահը:

Այլ տիտղոսների շարքում «թագավոր Հայոց» տիտղոսը առնվազն տեսական մակարդակում իրենց տիտղոսաշարքում ունեն նաև ԲԱԳՐԱՏԻՈՆՆԵՐԸ, ի դեմս Անիի Բագրատունիների հետնորդ Դավիթ I Շինարարի (1089-1125) տիտղոսաշարի, որը իր լրիվ ձևով ուներ հետևյալ տեսքը. «թագավոր Աբխազաց, Վրաց, Հերաց, Կախաց և ՀԱՅՈՑ, Շիրվանշահ ու Շահնշահ»:

Ավելացնենք, որ 1079 թ-ին միաժամանակ մահացել էին մինչ այդ գահից հրաժարված և՛ Կարսի թագավորության արքա Գագիկը (1029-1065), և՛ Անիի թագավորության վերջին արքա Գագիկ II-ը (1041-1044), որոնք ավելի շատ իրավունքներ ունեին այս տիտղոսի նկատմամբ, իսկ նրանց սերունդներն էլ սպառվել էին:

Իր հերթին, 1118 թ-ին էլ Դավիթ I Շինարարը առաջնությունը խլել էր «թագավոր Հայոց» տիտղոսի նկատմամբ կրկին ավելի շատ իրավունքներ ունեցող Լոռու թագավորության Բագրատունիներից, որոնց տոհմն էլ, դրանից զատ, 1261 թ-ին իր հերթին սպառվել էր:

Եվ այսպես, Սավոյաններ և Բագրատիոններ, ՍՐԱՆՔ ԵՆ «ԹԱԳԱՎՈՐ ՀԱՅՈՑ» ՏԻՏՂՈՍԻ ԿՐՈՂՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Այս առումով զարմանալի է, սակայն, այն հանգամանքը, որ, եթե Սավոյան արքայատոհմի տիտղոսաշարքում «թագավոր Հայոց» տիտղոսը ամրագրված է միանգամայն պաշտոնական մակարդակում, ապա ներկայիս Բագրատիոնիների մոտ այն այնուհանդերձ չի հիշատակվում կամ հիշատակվում է միայն միջնորդավորված, ի դեմս «թագավոր համայն Վրաց և այլոց» տիտղոսի «այլոց» տարրի:

Մհեր ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում` Սավոյան արքայական տան ղեկավար Էմանուիլ Ֆիլբերտ Սավոյացին:

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ